Republic of Armenia - Civil Service Exam Questions
Document Details

Uploaded by gogi
Tags
Summary
This document contains practice questions to prepare for civil service employment in Armenia. It tests knowledge of civil service rules, work ethic and Armenian government matters. Questions also cover general knowledge of Armenian history and geography.
Full Transcript
ՀՀ Սահմանադրությունից առանձնացված հոդվածներն են հետևյալը. Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 2. Օրենքները պետք է համապատասխանեն...
ՀՀ Սահմանադրությունից առանձնացված հոդվածներն են հետևյալը. Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին: 3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հոդված 6. Օրինականության սկզբունքը 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: 3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: Հոդված 10. Սեփականության երաշխավորումը 1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: 2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը 1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: 2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին: Հոդված 13. Արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: 2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են: 3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Հոդված 15. Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը 1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: 2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։ Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը 1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: 2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ 3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։ 4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով: Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: 4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին: Հոդված 27. Անձնական ազատությունը 1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` 1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար. 2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար. 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով. 6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով. 7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով: 2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին: 3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով: 4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում: 5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: 6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները: Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը 1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: 2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր: Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները 1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: 2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով: 3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով: Հոդված 37. Երեխայի իրավունքները 1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: 2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: 3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: 4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են: Հոդված 38. Կրթության իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: 2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք: 3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: 3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: 4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ: Հոդված 41. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը 1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը: 2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք: 4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: 2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: 3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին: 4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով: Հոդված 85. Առողջության պահպանությունը 1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: 2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը: Հոդված 90. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը 1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: 2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: 3. Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: 4. Եթե ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: 5. Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: 6. Ազգային ժողովի կազմավորված լինելը հավաստվում է Ընտրական օրենսգրքին համապատասխան: Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Հոդված 104. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և Ազգային ժողովի խորհուրդը 1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը: 3. Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները 1. Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: 2. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: 3. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: 4. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը 1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: 2. Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը 1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: 2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: 4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: 5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Հոդված 151. Կառավարության ծրագիրը 1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: 2. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: 4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Հոդված 153. Կառավարության նիստերը և որոշումները 1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: 2. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: 3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հոդված 155. Զինված ուժերը 1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: 2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը: 3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: 4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: 5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով: Հոդված 160. Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը 1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: 2. Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: 3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Հոդված 162. Արդարադատության իրականացումը 1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: 2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Հոդված 185. Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները 1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։ 2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով։ 3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ 4. Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ Հոդված 200. Կենտրոնական բանկի հիմնական նպատակները և գործառույթները 1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է: 2. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը: 3. Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը: 4. Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը: 5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 6. Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ: 7. Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ (ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ) ԵՎ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ Հոդված 5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) և անվանացանկը հաստատելը (փոփոխելը) 1. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) սահմանվում է՝ ելնելով համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերով նրա առջև դրված խնդիրներով պայմանավորված կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջներից: Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորին չափ ճշգրիտ արտացոլում է քաղաքացիական ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները և չի կրում ընդհանրական բնույթ: 2. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը, իսկ Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատը: 3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի փոփոխությունը քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման կամ ծառայությունը դադարեցնելու հիմք չէ, բացառությամբ սույն օրենքի 23- րդ հոդվածի 1-ին մասի: 4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հրապարակային է ծանոթացման համար: 5. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի) հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ: 6. Պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներառելու (հանելու)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնը ներառվում (հանվում)՝ է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ, և հաստատվում է պաշտոնի անձնագիրը, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի: 6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո՝ ի գիտություն: 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատում է համակարգող փոխվարչապետը: Հոդված 6. Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը 1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից: 2. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ. 2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ: 3. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի: Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները 1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հիմնված է հավասար հնարավորությունների և արժանիքների վրա: 2. Մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին: 3. Մրցույթներն անցկացնում են համապատասխան մարմինները, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը: 4. Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։ 5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում և անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: 6. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հաշվեքննիչ պալատը: 7. Հոդված 10. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը 1. Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Եթե հայտարարված մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին, կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է մեկ ամսվա ընթացքում: 2. Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ: Քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է անցկացվել մեկ ներքին մրցույթ: Եթե ներքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ներքին մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ ներքին մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին, կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա անցկացվում է արտաքին մրցույթ: Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները: 3. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Հայտարարության հետ հրապարակվում են նաև այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը: 4. Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը: 5. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Մրցույթի մասնակցության որոշման մասին անձնակազմի կառավարման ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն: Գլխավոր քարտուղարի` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն: 6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի: 7. Թեստավորումն անցկացնում են համապատասխան մարմիններն էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում: 8. Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել տարբեր բովանդակությամբ թեստեր: Թեստերը պետք է բխեն քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից: Թեստերում ընդգրկվող առաջադրանքների հարաբերակցությունը որոշվում է ըստ պաշտոնների ենթախմբերի. որքան ցածր է պաշտոնի ենթախումբը, այնքան գերակշռում են մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները: 9. Թեստերում ընդգրկվող առաջադրանքները, որոնք վերաբերում են մասնագիտական գիտելիքներին, կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը, իսկ կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները` քաղաքացիական ծառայության գրասենյակը: 10. Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը: 11. Մրցույթի մասնակիցը, պատասխանելով թեստում ընդգրկված առաջադրանքներին, անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը քննում է դիմումը և ընդունում արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: Գլխավոր քարտուղարի` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը քննում է դիմումը և ընդունում արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: 12. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում Կառավարության սահմանած միավորից բարձր առավելագույն միավորներ ստացած հինգ մասնակիցը: Եթե միևնույն արդյունք ունենալու դեպքում հնարավոր չէ պարզել առավելագույն միավորներ հավաքած և թեստավորման փուլը հաղթահարած հինգ մասնակցին, ապա միևնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ: Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից պակաս լինելու դեպքում բոլոր մասնակիցներն իրավունք են ձեռք բերում մասնակցելու հարցազրույցի փուլին, եթե հավաքել են թեստավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորը: 13. Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որի դեպքում հանձնաժողովը ձևավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից: 14. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք: 15. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից: 16. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին: Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: 17. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխում է տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները: 18. Անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով: 19. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված մրցույթով: 20. Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: 21. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով: 22. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը: 23. Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը: Հոդված 11. Վարկանիշային ցուցակների կազմումը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելը 1. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու համար թեկնածուներն ընտրվում են վարկանիշային ցուցակներից: 2. Վարկանիշային ցուցակները կազմելու համար առնվազն տարին երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացնում է թեստավորում: Ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի և (կամ) ժամերի: Յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ: 3. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն: 4. Քաղաքացին չի մասնակցում թեստավորմանը, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները: 5. Թեստավորումը հաղթահարում են Կառավարության սահմանած նվազագույն միավորից բարձր միավոր ստացած մասնակիցները: Թեստավորման արդյունքներով քաղաքացիական ծառայության գրասենյակն առցանց կարգով վարում է վարկանիշային համարակալված ցուցակ: Միևնույն արդյունք հավաքած թեկնածուները գրանցվում են նույն համարի տակ: 6. Համապատասխան մարմինները հարցազրույցի հրավիրում են վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, որոնք բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: 7. Եթե պաշտոնի անձնագրով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում չկա համապատասխան մասնագիտություն ունեցող հինգ թեկնածու, ապա հրավիրվում են տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուն: 8. Վարկանիշային ցուցակում միանգամյա գրանցված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Վարկանիշային ցուցակում գրանցման առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Վարկանիշային ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով: 9. Վարկանիշային ցուցակը համալրվում է թեստավորման բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը: 10. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-16-րդ մասերով սահմանված կարգով: Պաշտոնի նշանակված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից: 11. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանում է Կառավարությունը: 12. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը սահմանում է համակարգող փոխվարչապետը: Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը, առավելագույն տարիքը 1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝ 1) ղեկավար պաշտոնների խմբի համար՝ 12 ամիս. 2) մասնագիտական պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 9 ամիս. 3) մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 6 ամիս: 2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնել քաղաքացիական ծառայության այլ պաշտոն: Փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան: 3. Փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը՝ հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ենթախմբերը, պաշտոնների առանձնահատկությունները: 4. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ: Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը 1. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն բարելավելու և պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով: 2. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար: 3. Համապատասխան մարմիններում վերապատրաստման գործընթացը կազմակերպում է գլխավոր քարտուղարը: 4. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատումից: 5. Վերապատրաստում անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ: 6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է: 7. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները և համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված այլ չափանիշներ, և այդ ծրագիրը ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ` համաձայնեցման: 8. Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ծրագիրը և տալիս համաձայնություն վերապատրաստման ծրագիրը հաստատելու համար: Համաձայնությունն ստանալուց հետո գլխավոր քարտուղարը հաստատում է վերապատրաստման ծրագիրը և քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում այդ ծրագրից բխող քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը: Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է Հաշվեքննիչ պալատը: 9. Գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 7- րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կարող է վերանայել վերապատրաստման ծրագիրը: 10. Կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը: 11. Համապատասխան մարմինների ծրագրերի ուսումնասիրության ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակը կարող է առաջարկել վերանայել վերապատրաստման ծրագիրը, ինչպես նաև այդ ծրագրերում կարող է ներառել նաև կոմպետենցիաների վերաբերյալ կազմված վերապատրաստման ծրագրերը: 12. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: 13. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված: 14. Սույն օրենքի հիման վրա վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանում է համակարգող փոխվարչապետը: 15. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները 1. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները. 1) շնորհակալության հայտարարում. 2) դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) պատվոգրով (մեդալով) պարգևատրում. 5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում. 6) կարգապահական տույժի հանում: 2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենսդրությամբ սահմանված խրախուսման այլ տեսակներ: 3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: 4. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, որպես խրախուսանք, Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով կարող է շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: 5. Բարձրագույն դասային աստիճաններն են՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Դասային աստիճաններից բարձրը քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է: Հոդված 21. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և առանձնահատկությունները, կարգապահական տույժ կիրառելու որոշումը, պաշտոնից ազատելու կամ ծառայության դադարեցման մասին որոշումը բողոքարկելը 1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը: 2. Կարգապահական տույժերը դասակարգվում են երկու տեսակի՝ թեթև և խիստ. 1) թեթև կարգապահական տույժերն են՝ ա. նախազգուշացում, բ. նկատողություն. 2) խիստ կարգապահական տույժերն են՝ ա. խիստ նկատողություն, բ. հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը, գ. ծառայության դադարեցում: 3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո: 4. Կարգապահական տույժ նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները: 5. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել խախտում կատարելու օրվանից: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: 6. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները: 7. Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: 8. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կրկին չի կարող կիրառվել, եթե կարգապահական տույժը հանված չէ, կամ չի լրացել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետը: 9. Եթե քաղաքացիական ծառայողը թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ խիստ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: 10. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: 11. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` երեք աշխատանքային օրվա ընթացքում: 12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը: 13. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա: Նշված դեպքերում կիրառված կարգապահական տույժերը բողոքարկվում են դատական կարգով: 14. Քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝ 1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր. 2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը թողնելով անփոփոխ: 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում վարչական կամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: 16. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով: 17. Քաղաքացիական ծառայողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել նյութական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված չափով: Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը 1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները: 2. Գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում, վարձատրությունը տրամադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը: 3. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-6.1- ին կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների: 4. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը: Քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ: 5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն այն համապատասխան մարմնից, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն: 6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով: 7. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն նույն համապատասխան մարմնում, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ այլ համապատասխան մարմնում զբաղեցնելու դեպքում կատարվում է վերջնահաշվարկ: 8. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում: 9. Քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում: 10. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակ քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում: 11. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը: Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային (ծառայության) ժամերը 1. Աշխատանքային (ծառայության) ժամերն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն, քաղաքացիական ծառայողը պարտավոր է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ են, որոնք, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, ներառվում են աշխատաժամանակում։ 2. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամերը կարող են փոխվել` պայմանավորված տվյալ մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով: 3. Գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը 1. Քաղաքացիական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: 2. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր: 3. Քաղաքացիական ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը: 4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր: 5. Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: 6. Քաղաքացիական ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր քարտուղարը, իսկ գլխավոր քարտուղարին՝ համապատասխան մարմնի ղեկավարը: 1. Ո՞վ էր Տիգրան Մեծը։ A) Հայ գրքի տպագրության հիմնադիրը B) Հայոց մեծ հերոսական դյուցազն C) Հայոց թագավոր, ում օրոք Հայաստանը հասավ հզորության գագաթնակետին D) Առաջին հանրապետության հիմնադիր Ճիշտ պատասխան՝ C) Հայոց թագավոր, ում օրոք Հայաստանը հասավ հզորության գագաթնակետին 2. Ո՞րն է Մեսրոպ Մաշտոցի ամենակարևոր ձեռքբերումը։ A) Հայաստանը դարձնել թագավորություն B) Հայոց լեզվի գրական ստանդարտի ստեղծումը C) Հայոց այբուբենի ստեղծումը D) Եկեղեցական երգչախմբի կազմավորումը Ճիշտ պատասխան՝ C) Հայոց այբուբենի ստեղծումը 3. Ո՞ր իրադարձությունն է կապված 301 թվականին։ A) Ավարայրի ճակատամարտը B) Մեսրոպ Մաշտոցի ծնունդը C) Հռոմի հետ դաշինքի կնքումը D) Քրիստոնեության ընդունումը պետական կրոն Ճիշտ պատասխան՝ D) Քրիստոնեության ընդունումը պետական կրոն 4. Ո՞ր ճակատամարտն է կանխել հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը 1918 թվականին։ A) Ավարայր B) Սարդարապատ C) Անիի գրավումը D) Ապարանի Ճիշտ պատասխան՝ B) Սարդարապատ 5. Ո՞վ էր Անանիա Շիրակացին։ A) Հայ զորավար B) Միջնադարյան գիտնական և փիլիսոփա C) Սբ. Գրիգոր Լուսավորչի աշակերտ D) Անկախության հռչակման հեղինակ Ճիշտ պատասխան՝ B) Միջնադարյան գիտնական և փիլիսոփա 6. Ո՞րն է համարվում Հայոց եկեղեցու գլխավոր տաճարը։ A) Զվարթնոց B) Սբ. Հռիփսիմե C) Սբ. Էջմիածին D) Գեղարդ Ճիշտ պատասխան՝ C) Սբ. Էջմիածին 7. Ո՞վ է համարվում հայոց առաջին կաթողիկոսը։ A) Ներսես Մեծ B) Գրիգոր Լուսավորիչ C) Սահակ Պարթև D) Հովհաննես Թումանյան Ճիշտ պատասխան՝ B) Գրիգոր Լուսավորիչ 8. Ո՞ր թվականին ստեղծվեց Հայոց Առաջին Հանրապետությունը։ A) 1915 թ. B) 1920 թ. C) 1918 թ. D) 1991 թ. Ճիշտ պատասխան՝ C) 1918 թ. 📘 ԽՍՀՄ շրջանը (1920–1991) 1. Ո՞ր թվականին Հայաստանը դարձավ ԽՍՀՄ անդամ։ A) 1918 թ. B) 1920 թ. C) 192